Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Անիծված խաղաղության պտուղները

Անիծված խաղաղության պտուղները
05.05.2024 | 23:02

Մինչ վարչապետ կոչեցյալն «իրական ու պատմական Հայաստանների» միջև սահմանագծմամբ է զբաղված, սեփական ժողովրդին էլ խորհուրդ է տալիս ջնջել ու մոռանալ անցյալը, ապրել այսօրվա օրով, երջանիկ լինել, որ ադրբեջանցիները գալու են մեզ հետ կողք-կողքի ապրեն, հետներն էլ առևտուր անենք, Ալիևն այսօր հողին հավասարեցրեց Ստեփանակերտի հերոսների պանթեոնն ու Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը:

Մի քանի ամիս առաջ արդեն իսկ պղծել ու քարուքանդ էր արվել Հաթերքի գերեզմանատունը:

Հիմնահատակ ավիրվել ու այլևս գոյություն չունի Քարինտակ գյուղը, Շուշիի Կանաչ ժամը:

Արցախի բոլոր գյուղ ու քաղաքների գերեզմանոցները, հուշակոթողները, խաչքարերը նույն ճակատագրին արժանանալով, այս պահին ևս ոչնչացվում են:

Եկեղեցիների մասին էլ չասեմ:

Ադրբեջանական վանդալիզմն իրենն անում է:

Ալիևյան ռեժիմը նպատակասլաց ու հետևողական, ծրագրավորած, հատ առ հատ ոչնչացնում է հայկական ժառանգությունը:

Նպատակը մեկն է՝ ոչ մի հայկական հետք:

Իսպառ ոչնչացվելու է նույնիսկ այն, ինչ հայկական է հիշեցնում:

Այս ամենն իհարկե ո՛չ նորություն է, ո՛չ էլ զարմանք:

Թշնամու ձեռագիրը վաղուց է մեզ ծանոթ:

ՈՒղղակի գիտակից մարդու հոգին անզորությունից աղաղակում, տակնուվրա է լինում:

Մանավանդ, երբ տեսնում ես, որ հետևանքներն անդառնալի են:

Անիծված «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում Բաքվում Ալիևը նաև «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերություն է բացում, որը հեռարձակվելու է ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ զօրուգիշեր պատմելով ողջ «ճշմարտությունը» «օկուպացված Արևմտյան Ադրբեջանի», այն է՝ ներկայիս ՀՀ ողջ տարածքի մասին։

Միջինասիական յայլեքից հորդած անդեմ քոչվորների համար Հայաստանի ողջ տարածքը համարվում է «վաթան» ու կոչվում «Արևմտյան Ադրբեջան»:

Այսկերպ՝ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հանդեպ իր բացահայտ հավակնությունն է ի ցույց դնում, ինչպես նաև սուտ ու կեղծիք, աննախադեպ հայատյացություն քարոզում։

Անիծված «խաղաղության դարաշրջանում» ադրբեջանական սահմանապահ զորքերի զինվորները տեսանյութ են տարածում, որտեղ ասում են.

«Ներկայումս մեր դրոշը ծածանվում է հայ֊ադրբեջանական սահմանին։

Տա Աստված, մեր նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանով Զանգեզուրի (Սյունիքի) շրջանը վերցնելով՝ Ղարաբաղը միացնենք մեր հայրենի Նախիջևանին»։

Եվ այդ տեսանյութը՝ որպես բենեֆիս հրապարակվում է նորաբաց «Արևմտյան Ադրբեջան» ալիքում։

Սա նաև ևս մեկ խոսուն փաստ է, որ նույնիսկ ընթացող պրոցեսներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում «կիրթ ու կառուցողական» Ալիևը բնավ չի պատրաստվում հաստատել խաղաղություն ու փաստաթղթերով ամրագրել իր իսկ նախաձեռնած «խաղաղության պայմանագիրը»:

ՀՀ-ի ու հայ ժողովրդի հանդեպ անփոփոխ վերաբերմունքը, բացահայտ հավակնությունները, ատելության քարոզը, զորավարժությունները, աննախադեպ միլիտարիզացիան, շանտաժը, ագրեսիվ ու ռազմատենչ հռետորաբանությունը խոսում են մեզ համար պատրաստված նոր մարտահրավերների մասին:

Ինչևէ, այսօրվա Ադրբեջանը երեկվա՝ ավելի կատարելագործված Ադրբեջանն է, որը մեկ տարի առաջ 120 հազար հայի բլոկադայի մեջ էր պահում, սովի մատնում, բռնի տեղահանման ենթարկում, ռազմագերիներ ու քաղաքացիականներ բանտերում ապօրինաբար պահում, հայ զինծառայողներին խոշտանգում ու անդամահատում, այսօր էլ պատմություն կեղծում, հայկական ժառանգությունը ոչնչացնում կամ սեփականաշնորհում ու մեր պետության ողջ տարածքին է բացահայտ հավակնում:

Նման պայմաններում ասել, թե գնում ենք խաղաղության՝ նույն բանն է համաձայնել այս ամենի հետ:

Չեմ զարմանում, որ ՀՀ իշխանությունների կողմից որևէ բողոք, անգամ արձագանք չկա, երբ սա գերազանց առիթ է միջազգային հանրությանը, վերպետական կառույցներին ծանրակշիռ ապացույցներ տրամադրելով՝ ցույց տալու Ադրբեջանի պետական ամենաբարձր մակարդակով առավելապաշտական ու ծավալապաշտական նկրտումներն ու էքսպանսիոն ծրագրերը:

Սա շատ տիպիկ է մեր իշխանություններին, որոնք փորձում են չտեսնելու տալ կամ այլ դիտանկյունից ներկայացնել իրողությունները, քանի որ ունակ չեն դրանց համարժեք արձագանքել։

Այս ամենին ես կասեմ՝ դու՛ք էլ, ձե՛ր խաղաղության պայմանագիրն ու խաչմերուկներն էլ…

Իսկ իշխանություննե՞րը:

Իշխանությունները ընդհակառակը՝ «պադոշի» պես խաղաղություն են քարոզում, «առևտուր ու խաչմերուկներ» են բարբաջում, սեփական ժողովրդին պատերազմով են վախեցնում, երկրի գոյաբանության օրհասականությունից, պետականության հավանական կորստից, թշնամու բարեխղճությունից ու նրանց հետ հաշտ ու համերաշխ համակեցությունից են խոսում:

Այսօրվա Հայաստանն այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս ու ճանապարհ բացելիս, որի «Երկրապահը» պետք է մեքենան քշի երկիր պահողների վրա, որի զինվորականն ու ոստիկանն իր վարքով չպետք է թշնամուց տարբերվի:

ՈՒ՞մ ասես, որ առավելագույնը 1-ից 2 տարի անց Ոսկեպարում, Կիրանցում ու հարակից գյուղերում հայ չի մնա, որ Տավուշը կհայաթափվի։

Որ Տիգրանաշենի հանձնումով նույն ճակատագիրը սպասվում է Վայոց Ձորին ու Սյունիքին:

Էլ ու՞մ բացատրեմ, որ թուրքը չի գալու մեր հետ ապրելու, թուրքը գալիս է մեր տեղը ապրելու, մեր ունեցածն էլ իրենով անելու, մեզ էլ ոչխարի պես քշելու կամ բնաջնջելու:

ՈՒ՞մ կարիք կա բացատրելու, որ չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քո երկիրը գրավելու, ունեզրկելու, քեզ ստրկացնելու, սպանելու:

ՈՒ՞մ բացատրեմ« որ խաղաղաղություն չեն մուրում, չեն աղերսում, այն պարտադրում են:

ՈՒ՞մ հասկացնեմ, որ չպետք է հավատալ, որ թշնամին մեզանից ուժեղ է ու խելոք, որ թշնամուն ուժեղացնում է մեր հավաքական վախը, մեր ցավն ու մեր հիմարությունը:

Չնայած նման ազգակործան, պատուհաս ղեկավարության պարագայում անլուրջ է խոսել այս ամենի մասին, որովհետև հայրենիք ու պետություն քանդող, մեզ էլ անդեմ ու ամորալ, անհայրենիք դարձնողն առաջինն իրենք են:

Երբ վարչապետ կոչեցյալն իր ուղերձում ասում է՝ «Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով» ու ազգի մի մասին անտեր ու անտուն է սարքում, մի մասին էլ արտագաղթի ճամփան ի ցույց դնում,

երբ ղեկավարդ նվեր է թշնամուն, ինչպես ժամանակին Էլչիբեյն էր մեզ ընծա,

ու քանի նա թառած է երկրի գահին՝ վախվորած ապրելու ենք այսօրվա օրով:

Իհարկե՛ թյուրիմացությունները ժամանակավոր են, իհարկե՛ այս շրջափուլն էլ ենք հաղթահարելու:

Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի կամ կգա մեկ այլ «թավշյա Նիկոլ» և որոշ ժամանակ հետո, ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախն ու մնացյալ օկուպացված տարածքները։

Չի՛ բացառվում:

Այս կյանքում ոչինչ չի բացառվում:

ՈՒղղակի, երբ ապազգային տարրը 6 տարի առաջ ասում էր՝ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կամ էլ Հայաստանը վարչապետ չի ունենա, իսկ հիմա ասում է՝ «եթե մոտ ժամանակներս Հայաստանի գոյությունը պահպանվի, հաջորդ տասնամյակներին Հայաստան կլինի»՝ սկսում ես հավատալ նաֆս ու անեծքին:

Համախմբվելու, միասնականության, կոնսոլիդացիայի, խելքի գալու, սթափվելու, գործելու կոչեր ու հորդորներ էլ չեմ անում:

Կոմֆորտ զոնայից ու ապատիայից դժվար է դուրս գալ, հասկանում եմ:

«Моя хата с краю», «пир во время чумы»՝ տեսածս սա է:

Ի՞նչ բողոք, ցասում, հանրային պահանջ:

Ընհակառակը՝ միսուտոցի, կատաղի թշնամանք, անտագոնիզմ ու կոնֆրոնտացիա է:

Կամք ու ցանկություն չկա, իրավաքաղաքական գիտակցության մակարդակն է սա:

Մենք համբերատար, հանդուրժող ու համակերպվող ժողովուրդ ենք:

Մեզ նոր, «թափ թազա» փրկիչ է պետք, որ գա ու բոլորիս փրկի, թե չէ մենք մեզ ո՞նց փրկենք, ո՞նց ոտքի ելնենք:

Համ էլ խելքը գլխին, սկզբունքային, հավասարակշռված, մաքուր կենսագրականով ու անբիծ հետագծով, կրթված, կայացած, ինքնաբավ, հայրենասեր ազգի զավակ մի հոգի չկա այս 10 միլիոնանոց ազգի մեջ, որն արժանի կլինի երկիր ու ժողովուրդ ղեկավարել:

Ստացվում է՝ չկա:

Դե որ չկա, նստենք թախտին, սպասենք մեր բախտին:

Իսկ մեր բախտից մենք միշտ դժգոհ ենք:

Ինչևէ, նման ամոթալի վիճակում, խայտառակված, ծաղրուծանակի ենթարկված, ստրկացած, ստորացված ու նվաստացած երբեք չենք եղել:

Վա՜յ մեզ, բոլորիս:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ